ՀՀ քաղաքացուն ձերբակալել են հակաթուրքական կոչերի համար
«7օր»-ի խմբագրություն էր այցելել «Ազգային պահպանողական շարժում» հ/կ վանաձորյան գրասենյակի ղեկավար Մանվել Կոստանդյանը, ով քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց էր թողնվել ոստիկանությունից։
Մանվել Կոստանդյանը ոստիկանության Վանաձորի բաժանմունք է տարվել «հակաթուրքական արտահայտություններ անելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու համար»։
-Առգրավվել են գրասենյակի բանալիները։ Կիրակի օրը լրագրողների ներկայությամբ մեզ հանձնեցին բանալիները, բայց անձնագրերն իրենց մոտ են,-«7օր»-ի թղթակցին հաղորդել է Մ. Կոստանդյանը՝ տեղեկացնելով, որ իր նկատմամբ որևէ հոդված չի առաջադրվել։
Մ. Կոստանդյանը պաշտպան է վարձել.
-Սահմանադրության 5-6 կետ է խախտվել։ ՀՀ գլխավոր դատախազին նամակ ենք հանձնել ծառայողական քննություն անցկացնելու և քրեական գործ հարուցելու համար,-ասել է Մանվել Կոստանդյանը,-այս ամենն անօրինական է արվել, որովհետև քրեական գործ չի հարուցվել։
Ձերբակալման պահին երիտասարդների մոտ եղել են Էնվեր և Թալեաթ փաշաների նկարներով թռուցիկներ, որոնց վրա գրված է եղել. «Այսօր տեղի կունենա Թալեաթ և Էնվեր փաշաների մահվան տարելիցը», իսկ ներքևում՝ «Թույլ չտանք, որ դա տեղի ունենա»։
Ոստիկանությունում Մանվել Կոստանդյանն ասել է, որ թուրքերի հանդեպ թշնամանքը դեռևս իր պապերից է եկել, իսկ ոստիկանության աշխատակիցներին ասել են, թե ժամանակները փոխվել են. «Դու ներկա գործընթացներին խանգարում ես»։
Մ. Կոստանդյանը պատմել է, որ իրեն թուղթ են տվել ստորագրելու, որ եթե թուրքի սպանություն լինի, ինքը պատասխանատու է լինելու դրա համար։ Կոստանդյանը չի ստորագրել այդ թղթի տակ։
Վանաձորի ոստիկանապետը հրաժարվել է պատասխանել կիրակի օրը ոստիկանության բաժանմունք այցելած լրագրողներին։ Վերջիններիս դուրս են հրավիրել բաժանմունքից՝ ասելով, թե այդ տեղն իրենց համար մամլո ակումբ չի։
http://www.7or.am/hy/news/2009-10-19/7594/