Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը
Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվում են ժողովրդագրական համաղետի շեմին, եթե արդեն իսկ չեն անցել այդ շեմը: Եթե իրադրությունը փոխելու ուղղությամբ անմիջապես արմատական եւ կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, համաղետն, անկասկած, ամբողջությամբ կկլանի Հայաստանն ու սփյուռքը, ու մի քանի տասնամյակ անց պետությունն ու համայն ժողովուրդը ոչ մի ձեւով չեն կարողանա խուսափել մահից: Ժողովրդագրական համաղետի պատճառը Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակն է, որն իր հերթին, համարյա ամբողջությամբ արդյունքն է մի խումբ մարդկանց մենաշնորհային շահերի երաշխավորը հանդիսացող համակարգի: Այս համակարգի փոփոխությունը միայն արդարության հաստատման պահանջից բխող անհրաժեշտություն չէ: Համակարգի անհապաղ եւ արմատական փոփոխությունը եւ ամբողջ ժողովրդի կարիքներին համապատասխանող համակարգով փոխարինումը Հայաստանն ու հայ ժողովուրդը անխուսափելի մահից փրկելու միակ ճանապարհն է:
Ժողովրդագրական համաղետը
Թե Հայաստանը եւ թե սփյուռքը գտնվում են ժողովրդագրական ամենասուր ճգնաժամի մեջ:
Միտումները Հայաստանում
- Համաձայն պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը ներկայումս կազմում է ավելի քան 3,2 մլն մարդ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս թիվը չի համապատասխանում իրականությանը եւ չափազանց ուռճացված է: Նույնիսկ ՀՀ միգրացիայի գործակալությունը, հիմնվելով կատարված ուսումնասիրությունների վրա, հաստատում է, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում Հայաստանից մշտապես հեռացել է 700 հազարից 1,3 մլն մարդ: Իրականում կարելի է վստահությամբ ենթադրել, որ ներկայումս հայկական բարձրավանդակի այս հատվածում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք) բնակվում է առավելագույնը 2,5 մլն մարդ: Այս թվին հասնում ենք հետեւյալ տրամաբանությամբ: 1989 թ. նշյալ տարածքում բնակվում էր մոտավորապես 4 մլն բնակիչ: Այդ թվականից ի վեր նույն տարածքից արտագաղթել է առնվազն 1,5 մլն մարդ (բնակչության ընդհանուր թվի 38 տոկոսը), իսկ նույն ժամանակաշրջանում ժողովրդագրական բնական աճը եղել է գրեթե զրոյական:
- Հիմնվելով ներկայի պաշտոնական թվերի վրա` միջազգային որոշ ուսումնասիրություններ կանխատեսում են , թե 2050 թվականին Հայաստանն ունենալու է 2,334 մլն բնակիչ: Ներկայի ենթադրյալ 3,2 մլն-ի համեմատ` սա 27-28 տոկոս նվազում է նշանակում: Իրականում, ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է կանխատեսել, որ 40 տարի անց ներկա հայաբնակ այս տարածքը կորցրած կլինի իր բնակչության տոկոսային շատ ավելի մեծ համեմատություն: Ներկա միտումների շարունակվելու պարագայում կարելի է առանց չափազանցության կանխատեսել, որ 2050 թվականին նշված տարածքի բնակչության թիվը կլինի պակաս, քան մեկ մլն-ը: Սա արդեն կլինի Հայաստան պետության եւ հայ ժողովրդի հոգեվարքի վերջին փուլը:
Ինու՞ այս եղերական կանխատեսումը: Եթե 20 տարիների ընթացքում բնակչության թիվը 1,5 մլնով պակասել է, ապա ենթադրելը, որ առաջիկա 40 տարիներին եւս 1,5 մլն-ով կպակասի… ոչ թե չափազանցություն, այլ միգուցե անհիմն լավատեսություն է: Վերջին երկու տարիներին Հայաստանից արտագաղթը վերստին մեծ թափ է ստացել, եւ բոլոր տվյալները կան` համոզվելու, որ այդ թափը կշարունակվի եւ ավելի կզորանա: Տնտեսական եւ բարոյահոգեբանական պատճառներով մարդիկ մշտապես թողնում են երկիրը: Գյուղացիության մի կարեւոր հատված այլեւս հողը չի մշակում, տիրող պայմաններում նման աշխատանքը համարելով անարդյունավետ ու անիմաստ, եւ գոյատեւելու համար օտար ափերում է բախտ որոնում: Երիտասարդության մի կարեւոր հատված, բարձրագույն կրթությամբ կամ ոչ, հեռանկար չի տեսնում ու հեռանում կամ հեռանալու միջոց է որոնում: Երիտասարդ կամ միջին տարիքի մասնագետները շարունակում են հեռանալ իրենց գիտելիքներին համապատասխան աշխատավարձ ստանալու ակնկալիքով եւ կամ ինքնաիրացման հնարավորությունների որոնումով: Մանր ու միջին գործարարների մի ոչ արհամարհելի հատված, հոգնած եւ հուսահատված իր գործունեության առաջ ցցված անվերջանալի արհեստական խոչընդոտներից, հրաժարվում է պայմանների բարելավման սին պատրանքներով ապրելուց ու մեկնում: Հարաբերականորեն բարվոք պայմաններում ապրող երիտասարդ ընտանիքներ հեռանում են` մտահոգված իրենց երեխաների ապագայով, համոզված լինելով, որ Հայաստանում այդ ապագան լինելու է անհեռանկար: Նույնիսկ նոր մեծահարուստների հազիվ թե չափահաս, հաճախ անդաստիարակ երեխաներից շատերը նախընտրում են մեկնել արտասահման` կյանքը բավարար հետաքրքիր չգտնելով Հայաստանում:
- Արտագաղթին զուգահեռ, ժողովրդագրական իրավիճակը պայմանավորող մյուս գործոնը մարդկային բնական աճն է: Այս առումով եւս հեռանկարները, մեղմ ասած, բնավ լավատեսական չեն: Ներկայումս երկրում մնացած բնակչության մեջ խախտված է երիտասարդների ու տարեցների, իգական ու արական սեռերի ներկայացուցիչների հարաբերակցությունը` ի վնաս առաջինների: Շատ գյուղերում տարեկան 15-20 մահի համեմատ գրանցվում է 1-2 ծնունդ: Մեծ թվով երիտասարդներ, ընտանիք պահելու հնարավորություն չունենալու պատճառով, չեն ամուսնանում: Բնակչության թիվը սոսկ կայուն պահելու համար պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կին պետք է ունենա միջինը 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այս միջինը 1,36 է:
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին իրենց կյանքի պտղաբերության, սերնդագործության շրջանն էին ապրում 1980-ական թթ. ծնվածները, սերունդ, որը թվով ամենամեծն էր Խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում ծնվածների համեմատ: Դրան հակառակ` այս սերունդը, որը պետք է հանդիսանար 2000-ականների ծնունդների գլխավոր շարժիչը, այդ տասնամյակում ծնել է անհամեմատ փոքր թվով երեխաներ. եթե 1980-ականներին տարեկան մինչեւ 80000 ծնունդ էր գրանցվում, ապա 2000-ի առաջին տասնամյակում գրանցվում էր տարեկան շուրջ 40 հազար ծնունդ: Ծնելիության այս կտրուկ անկումը հետեւանք էր չորս գործոնների.
ա/ արտագաղթը, որի հետեւանքով 80-ականների սերնդի մի ոչ արհամարհելի զանգված Հայաստանում չէր գտնվում,
բ/ երեխաներ պահելու եւ խնամելու առումով սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների ստեղծած մտահոգությունները,
գ/ ամուսնությունների թվի նվազումը` սոցիալ-տնտեսական եւ սեռերի միջեւ թվային հավասարակշռության խախտման պատճառով,
դ/անկախ մյուս գործոններից` սոցիալ-մշակութային սովորույթների եւ ընկալումների փոփոխության պատճառով նախկին սերունդների համեմատ ավելի քիչ թվով երեխաներ ծնելու միտումը: Ծնելիության մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեցող այս գործոններն այսօր էլ առկա են եւ իրենց ազդեցությունը կմեծացնեն նաեւ առաջիկա տասնամյակում: Սակայն առաջիկա տասնամյակում իր ամբողջ թափով կսկսի գործել նաեւ մի նոր, աճի առումով շատ բացասական գործոն: Իր կյանքի պտղաբերման ու սերնդագործության շրջանն է մտնում 1990-ականների սերունդը, տասնամյակ, որի ընթացքում հայտնի պատճառներով երկրում նոր ծնվածների թիվը տատանվել է տարեկան 30-40 հազարի միջեւ: Եթե, կոպիտ հաշվարկով, 80 հազարանոց սերունդը ծնում էր տարեկան ոչ ավելի, քան 40 հազար երեխա, կարելի է պատկերացնել, թե որքան երեխա կծնի 40 հազարից պակաս սերունդը: Վերոնշյալ գործոնների առկայության եւ ներկա միտումների շարունակության պարագայում նոր ծնունդների գահավիժումը սպառնում է վերջ չունենալ` շարունակվելով տարեց տարի, տասնամյակից տասնամյակ:
Արտագաղթի ու ծնելիության մակարդակի անխափան անկման պարագայում 2050 թվականին մեկ մլն բնակչությամբ Հայաստանի կանխատեսումը կարող է նույնիսկ խիստ լավատեսական լինել:
Ստորեւ` ժողովրդագրական որոշ ցուցանիշների առումով աշխարհի երկրների ցանկում Հայաստանի գրաված դիրքը 2009 թ. (աղբյուրը` CIA World Factbook):
Բնակչության աճ` 205-րդ տեղ:
Պտղաբերություն (երեխա/կին հարաբերակցություն)` 201-րդ տեղ:
Ծնունդներ (հազար բնակչի հաշվով)` 161-րդ տեղ:
Մահեր (հազար բնակչի հաշվով)` 97-րդ տեղ:
Միգրացիոն սալդո` 159-րդ:
Հայաստանում սպասվող ժողովրդագրական համաղետին ի տես` ի՞նչ զարգացումներ են սպասվում հարեւան երկրներում: Սպասվող պատկերը, մեղմ ասած, չափազանց մտահոգիչ է: Ըստ տարբեր կանխատեսումների` 2050 թվականին Թուրքիան կունենա ավելի քան 100 մլն բնակիչ (թեկուզ եւ 20-35 տոկոսով` քրդեր), Իրանը` եւս շուրջ 100 մլն, որից 30-40 տոկոսը` Հայաստանի հարեւանությամբ ապրող ազերիներ: Ըստ կանխատեսումների` Ադրբեջանը 2050 թվականին կունենա 10-12 մլն բնակիչ: Իրականում այս թիվը կարելի է չափազանցված համարել, որովհետեւ ինչպես Հայաստանի ու Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի վիճակագրական տվյալները խիստ անվստահելի են: Ընդհանուր պատկերին ի տես, սակայն, այս իրողությունը չի կարող մխիթարական համարվել: Վերջապես, ինչքան Հայաստանի, առնվազն նույնքան աղետալի են Վրաստանի ժողովրդագրական հեռանկարները:
Պատկերն ամբողջացնելու համար կարելի է համեմատել տարիքային որոշ խմբերի 2050 թվականի համար կատարված կանխատեսումները: Հայաստանում 15-59 տարեկանները 2050 թվականին կներկայացնեն ընդհանուր բնակչության 48,9 տոկոսը, Ադրբեջանում` 57,3 տոկոսը, իսկ Թուրքիայում` 58 տոկոսը: 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները նույն թվականին Հայաստանում կներկայացնեն բնակչության 37,6 տոկոսը, Ադրբեջանում` 24,7 տոկոսը եւ Թուրքիայում` 24,8 տոկոսը:
Եզրակացություն
- Մի քանի տասնամյակ անց լավագույն պարագայում 1 մլն բնակիչ ունեցող Հայաստանը լրիվ կորցրած կլինի իր դիմադրողականությունը: Այն անկարող կլինի ապահովելու ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ բազում այլ ոլորտների անվտանգությունը: Պետությունը մշտապես կորցրած կլինի իր գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող առարկայական եւ ենթակայական լծակները: Անհնար կլինի կուլ չգնալ 1 մլն-ը շրջապատող հարյուրավոր միլիոնների բաց երախին:
- Հայաստանը ստույգ մահից փրկելու միակ միջոցը արտագաղթի կասեցումը, ծնելիության բարձր աճի ապահովումը եւ ներգաղթի կազմակերպումն է: Իսկ այս արդյունքների ապահովման միակ եւ անփոխարինելի պայմանը դրանց իրականացմանն արգելք հանդիսացող պատճառների վերացումն է:
շարունակելի
[ 2010/06/21 | 15:18 ]
Ալեք Ենիգոմշույան
http://hetq.am/am/society/hayastan-4/