Վրաստանում հայազգի գործչին հեռակա կարգով դատապարտեցին 17 տարվա
Երեկ Ախալքալաքում տեղի դատարանը «Միասնական Ջավախք» շարժման ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ գործի քննությունն իբր ավարտել է ու արձակել դատավճիռը: Իսկ դատավճռով դատավարությունից բացակայած Գուրգեն Շիրինյանին հեռակա դատապարտել են 17 տարվա ազատազրկման, իսկ նրա հորն ու հորաքրոջը` 2 տարի պայմանական, 2000-ական լարի (մոտ 1300 դոլար) գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանով:
«Ազգի» տեղեկություններով, դեկտեմբերի 24-25-ին դատական նիստի ընթացքում կրկին անգամ դատարանը հաշվի չի առել այն ակնհայտ ապացույցներն ու նյութերը, որոնք վկայում են Շիրինյանի անմեղության մասին: Հիշեցնենք, որ Գուրգեն Շիրինյանը մեղադրվում էր ոստիկանի սպանության եւ զենքի ապօրինի պահպանման մեջ, իսկ նրա հայրն ու հորաքույրը` սուտ վկայություն տալու, զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, նաեւ Գուրգենի կողմից հանցագործության պատրաստման մասին իմանալու եւ չհայտնելու հոդվածներով:
Զավեշտական է, որ Գուրգեն Շիրինյանին վրացական դատարանը դատապարտել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, որոնք Շիրինյանի ներկայացրած նյութերով լի են հակասություններով, իսկ սպանության իրագործումը Շիրինյանենց դռան հետեւից կրակոցով անելու ամենացայտուն ապացույցի որեւէ հետք անգամ չկա նշված դռան վրա: Բացի այդ, դատարանում այդպես էլ քննության առարկա չի դարձել այն հանգամանքը, որ իբր Շիրինյանի կողմից սպանված ոստիկան Արթուր Բերուջանյանին իրենք ոստիկանները թողել են անխնամ, ու նա մահացել է արյունահոսությունից:
Դատարանը արհամարհել է ոչ միայն այդ ապացույցները, այլեւ զուտ Գուրգեն Շիրինյանի առնչությամբ սպանության մեղադրանքը ապացուցված համարելու պատճառով կեղծ վկայություն տալու մեջ մեղադրանքով էլ դատապարտել է Շիրինյանի հորն ու հորաքրոջը:
Ի հավելումն այս ամենի, Շիրինյանի պաշտպանը չի կարող բողոքարկել հենց Գուրգենի առնչությամբ դատարանի մեղադրական որոշումը, քանի որ Վրաստանի օրենսդրության համաձայն, միայն Գուրգեն Շիրինյանը ինքը կարող է բողոքարկել իր նկատմամբ մեղադրական դատավճիռը: Իսկ, քանի որ Շիրինյանը գտնվում է փախուստի մեջ, ուրեմն չի լինի բողոքարկում: