Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների
25.06.2009
Նարինե Ղալեչյան
Հինգշաբթի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հայաստանյան երկօրյա պաշտոնական այցի երկրորդ օրը, ջավախահայության խնդիրներով մտահոգ մի խումբ մարդիկ՝ Հայաստանում բնակվող ջավախքցիներ, Դաշնակցության երիտասարդական միության անդամներ եւ այլոք՝ մի քանի տասնյակից ավելի մարդիկ, կրկին հավաքվել էին բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն վիրահայության իրավունքների:
Ցուցարարները իրենց մտահոգությունները բարձրաձայնել էին նաեւ երեկ՝ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, երբ անցնում էին հայ-վրացական բանակցությունները, եւ այսօր կրկին հավաքվել էին Սահակաշվիլու երեւանյան կեցավայրի դիմաց՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ:
Այսօրվա ցույցին միջամտեցին իրավապահները. նրանք ակցիայի մասնակիցներին Հանրապետության հրապարակից հեռացրին դեպի Հյուսիսային պողոտա: Իսկ երբ ցուցարարների մեկ այլ խումբ Տիգրան Մեծ փողոցից դուրս եկավ եւ կրկին փորձեց գնալ դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Դաշնակցության գերագույն մարմնի շենքից դուրս եկավ Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու փորձեց մեղմել իրավիճակը։ Ոստիկանները քաշքշեցին նաեւ նրան։
Մանոյանի խոսքով` իրեն չհաջողվեց իրավիճակը հարթել այնպես, ինչպես հարկն էր. - «Իմ ցանկացած ձեւով չկարողացա հարթել»:
Ավելի ուշ՝ արդեն Երեւանի պետական համալսարանում, ուսանողներից մեկը Վրաստանի նախագահին հարցրեց, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին արգելել են հատել հայ-վրացական սահմանը եւ գնալ Թբիլիսի:
«Ոչ հայերը, եւ ոչ էլ Վրաստանում որեւէ մեկը շահագրգռված չէ օժանդակել քաղաքական այն գործիչներին կամ նրանց գործունեությանը, որոնց քայլերը միտված են վատթարացնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջեւ։ Ավելի լավ է կանխել եւ թույլ չտալ, որ դա իրականացվի», - արձագանքեց Վրաստանի նախագահը:
Քանի որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում անդրադարձել էր նաեւ ջավախահայության խնդիրներին` Սահակաշվիլին այդ թեման էլ անպատասխան չթողեց` հայտարարելով. - «Ոչ մի տարածաշրջան վերջին տարվա ընթացքում այնքան ներդրումներ չի ստացել, որքան Ջավախքը։ Այս տարածաշրջանը հանդիսանում է լիարժեք գազաֆիկացվող շրջան, որտեղ կառուցվում է խոշոր երկաթգծային նախագիծ, որը Վրաստանի միջոցով կապելու է Հյուսիսային Չինաստանը Եվրոպայի հետ։ Այստեղ սկսվում է խոշոր էլեկտրակայանի շինարարություն, եւ դա նշանակում է, որ համայնքը կբնակեցվի մի քանի հազար հավելյալ բանվորներով»:
Հանդիպման ընթացքում, այսպիսով, շրջանցվեցին ջավախահայության իրական խնդիրները:
ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ, Վրաստանի նախագահն արժանացավ հայաստանյան մայր բուհի ամենաբարձր պարգեւին` ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն ու ոսկե մեդալ։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈ