Ղարաբաղը նշում է իր անկախության հռչակման 17-ամյակըԼեռնային Ղարաբաղը այսօր նշում է իր անկախության հռչակման 17-րդ տարեդարձը:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:
«Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր։ Այդ ընտրությունը մեզ համար պատմական է, սրբազան եւ անբեկանելի։ Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքիե, - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Տիգրան Թորոսյանի անցած 17 տարիները Լեռնային Ղարաբաղի համար բնութագրել է որպես «ոչ միայն խիզախումի ու սխրանքի, այլեւ հակառակորդին խաղաղության պարտադրման, պետականության կայացման ու արարումի տարիներե:
Տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով այսօր Ղարաբաղ է մեկնում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին է նվիրված նաեւ այսօր երեկոյան Երեւանի Մատենադարանին հարող տարածքում Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքը: