|
| LA PAROLE DE NJDEH | |
| | Auteur | Message |
---|
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:04 | |
| Գարեգին Նժդեհի Ճարտասանական արուեստը«Ճարտասանութիւն», Վալերի Միրզոյեան Նժդեհի լեզուաշխարհը Գարեգին Նժդեհի տեսական ժառանգութեան մէջ խորասուզուելը մեծ երջանկութիւն է հայերէնազգաց ամէն մի հայի համար: Հրապուրում, գրաւում, իրենց ետեւից տիրաբար տանում են ո'չ միայն հեղինակի գաղափարները, մտքի թռիչքը, դատողութեանց տրամաբան հիմնաւորումը, սլացիք շարադրանքն ու ամփոփ, հատու եզրայանգումը: Կախարդում է Նժդեհի լեզուն: Յիրաւի՝ մոգական է մեծ հայորդու լեզուաշխարհը: Հայոց ոսկեղենիկի կատարեալ յաղթահանդէս է, հայերէնի հզօրութեան տօն, հայ բառի գաղափարածին կարողութեանց առարկայական հաստատում: Այդպէս կարող է գրել նա, ով ոչ միայն գիտէ հայերէն, այլ եւ պաշտում է իր լեզուն, ապրում է լեզւով ու ապրեցնում ընթերցողին: Հենց ինքն էլ դա վկայում է՝ գրելով «ինքնակենսագրութեան» մէջ, թէ Հայաստանից հեռանալիս իր հետ վերցրած մասունքի մէջ է եղել նաեւ Հայկազեան բառարանը՝ «իմ միակ մխիթարիչ տարագրանքի մէջ»: Նժդեհեան հաւատոյ հանգանակի հիմքում ազգային երեք արժէք է, «սրբազան երրորդութիւն»՝ Արարատը, հայի շինարար խանդը եւ հայոց ոսկեղենիկը՝ «հայոց լեզուն, որ օտար լուծ ու նուաստութիւն չճանաչեց, ու մնաց ստեղծագործ անգամ պատմութեան ամէնամթին դարերում, երբ օտարը կ'իշխեր Հայաստանում»: Յաւելենք Համաստեղի զարմանալի դիտարկումը Նժդեհի մասին. «Եթէ Ե. դարուն մէջ ապրած ըլլար, կրնար Մաշտոցի աշակերտներէն մէկը ըլլալ»: Հայերէնը նժդեհեան փիլիսոփայութեան շաղախն է, տեսական-աշխարհայեացքային վիթխարի կառոյցի անսասան հենքը: Հայերէնը Նժդեհի երկնասլաց մտքի կենսատու աւիշն է, գաղափարածին ներուժի անսպառելի աղբիւրը: Անվարան կարելի է եզրակացնել՝ մէկ այլ լեզւով չէր կարող արարուել ցեղակրօն ուսմունքը: Ճոխ ու հարուստ է Նժդեհի հայերէնը, ապշեցուցիչ է նրա լեզուազգացողութիւնը, ուսանելի՝ բառագործածութիւնը: Լեզուաստեղծագործութիւնն սկսւում է հենց բուն «ցեղ» հասկացողութիւնից. դրա ողջ տարողութիւնը բնութագրելու համար եղած եզրերը չեն գոհացնում Նժդեհին: Ուստի ցեղակրօն ուսմունքը մշակելիս նա «ցեղ» արմատով բազում նոր բառեր ու բառակապակցումներ է ստեղծել՝ «ցեղաճանաչում», «ցեղացնցում», «ցեղադրօշ», «ցեղադրոշմ», «ցեղագիտակցում», «ցեղազդեցիկ», «ցեղայաղորդ», «ցեղայայտնութիւն», «ցեղամերձ», «ցեղաշնչութիւն», «ցեղապրում», «ցեղունակ», «ցեղամարդ», «ցեղայնացում», «ցեղային անմահութիւն», «ցեղային վերաշինութիւն», «ցեղային արթնութիւն», «ցեղայայտ կամք» եւ այլն: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:05 | |
| ..Հայերէն մտածող ու արարող մտաւորականները (առանց երկնչելու անցեալի ու ներկայի «հակամաքրամոլութեան» դրօշակիր ստամտաւորական-լեզուաբաններից) ասում են՝ «զգայապաշտութիւն» (արդի բառարաններում՝ «սենսուալիզմ»), «խորհրդապաշտութիւն» (միստիկիզմ), «օգտապաշտութիւն» (ուտիլիտարիզմ), «գործնապաշտութիւն» (պրագմատիզմ), «տրամապաշտութիւն» (լոգիկիզմ), «բանապաշտութիւն» (ռացիոնալիզմ), «ժխտամոլութիւն» (սկեպտիկիզմ), «դաւանամոլութիւն» (դոգմատիզմ), «խառնուածք» (տեմպերամենտ), «տիեզերածնական» (կոսմոգոնիական), «համադրական» (սինթետիկ), «ներձուլական» (ասիմիլացիոն), «բնազանցութիւն», (մետաֆիզիկա), «աշխարհիմաստութիւն» (գէոֆիզիկա), «ուժականութիւն» (դինամիկա), «նմանակեղծ» (սիմուլեանտ) եւ այլն:
Նժդեհի ամէնայաղթ միտքը՝ դատողութեան առաւելագոյնս ստոյգ ձեւակերպման հրամայականով, արարել է մի շարք նորաբանութիւնք՝ «ահավարութիւն», «արդիւնազօրութիւն», «բանամարտիկ», «բիւրեղաբիւրեղ», «դաւամտութիւն», «թշուարաբանում», «խեղաբարոյութիւն», «խուժանավարել», «հայրենակրօնութիւն», «ճշմարտագործում», «չարամեկնել», «պայքարունակ», «կեղծապաշտ», «պաշտօնապղծութիւն», «քաղքենիամտութիւն», «վայրաբանութիւն», «հոգեկան ինքնայստակացում», «հոգեսպան մանրագործութիւն», «յաղթանակի զօրոյթ», «ներազէն գերազանցութիւն», «նիւթակրօն խոզութիւն», «ոճրառատ գոյութիւն», «չարարուեստ միտք» եւ այլն: Դիւրին է համոզել, որ բառընտրութիւնը, բառաստեղծութիւնը, բառագործածութիւնը Նժդեհի համար երբէք ինքնանպատակ չեն: «Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում» սկզբունքը Նժդեհի բնական եւ անգամ բնազդական գործելակերպն է: Եւ նրա նորաբանութիւնները գնահատելի ու անփոխարինելի են միշտ որոշակի խօսքաշարում: Ահա երկու օրինակ-ապացոյց. «Չարիք է տկարոգի մարդու ղեկավարութիւնը, անէծք՝ նրա իշխանութիւնը»: «Այսօր աւելի հեշտ է եօթը շնագայլերի քաղցը հագեցնել, քան անցեղաշունչ հայ ստամտաւորականի չարութիւնը»:
Լեզուաբանութեան պաղ լեզուով՝ սրանք անուանում են «դիպուածային» բառեր: Սակայն երանի՜ պիտի տալ այն դիպուածին, որով դրանք լոյս աշխարհ են եկել, հայոց հինաւուրց լեզուն հարստացրել ու նաեւ սեփական լեզուն հարստացնելու-զօրացնելու պարտականութեան նժդեհեան այս դասը սերունդներիս թողել: Բացի այդ, ինչու՞ ենք «դիպուածային» որակումով ինքներս մեզ զրկում Նժդեհի բառապաշարը օգտագործելու իրաւունքից: Մի՞թէ նրանից աւելի սեղմ ու տարողունակ է հնարաւոր բնութագրել «պատմութեան հայացիր եւ Հայաստանակործան ընթացքը յաղթահարելու մեր ճիգը», կամ մեր այսօրուայ կեանքը՝ «օրուայ ոգեսպառ հայութեան» վիճակը, վերջապէս՝ մեր յոյսն ու վստահութիւնը, թէ «ցեղի ինքնայայտնութիւնը տեղի կունենայ հերոսների, սուրբերի ու լուսակիրների միջոցաւ»: Իսկ, ասենք՝ նժդեհեան «ցեղային արթնութիւն», «պատմաստեղծ ժողովուրդ» կամ Հայկ Ասատուրեանի «պատմազգաց ոգի», «հոգենորոգչական շարժում» հասկացութիւնները ո՛չ սոսկ դիպուածային բառակապակցութիւն են, այլ՝ որոշակի նպատակադրում, բարոյական պատգամ, գործունէութեան ուղեցոյց: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:05 | |
| Շիտակ ազգայնականը չի՛ կարող հանդուրժել հայ մարդու օտարախօսութիւնը: Կա՞յ արդեօք աւելի արգահատելի մի բան, երբ. հայ մտաւորականը հայութիւնից է խօսում, ազգասիրութիւն քարոզում, ուրիշներին խրատում, սակայն...ոչ հայերէնով: Նախկին թուրքախօսներին ու պարսկախօսներին, ներկայ ռուսախօսներին եւ գալիք անգլախօսներին ուղղենք նժդեհեան անողօք, սակայն միանգամայն արդարացի ամօթանքը. «Կը գարշիմ այն բոլորի հայրենասիրութիւնից, որոնք դեռ թուրքերէն կը խօսեն...Ողորմելի, փափկամարմին, ծոյլ հայրենասիրութիւն, որ իր մայրենի լեզուն իւրացնելու ճիգն իսկ չէ փորձում»: Այստեղից էլ՝ ցեղակրօն հաւատոյ հանգանակը. «Հայ մարդու հետ հայերէն կը խօսի ցեղակրօնը, որովհետեւ կը գիտակցի, թէ լեզուի մահը յաճախ ժողովուրդների հոգեւոր մահը կ'արագացնէ»: Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախօս:
Մարդկային լեզուն՝ առհասարակ, իսկ հայոց ոսկեղենիկը՝ յատկապէս, հայերէնի ամէն մի բառ Նժդեհի համար մշակութային անսպառելի հարստութիւն են, վիթխարի ուժականութիւն կրող: Ուշագրաւ է նրա վերաբերմունքը Հրաչեայ Աճառեանի վաստակի հանդէպ: «Մեր անգերազանցելի լեզուաբանը», գրում է նա, անխոցելի գիտականութեամբ ճշտել է հայերէն բառերի ստուգաբանութիւնը, սակայն «կարեւոր չի համարել երկու խօսք էլ ասելու նրանց գաղափարային իմաստի, նրանց մշակութային տարողութեան մասին: Այդ թերին, պէտք է ասել, յատուկ է գրեթէ բոլոր հայ բանասէրներին: Ինչո՞վ բացատրել դա՝ հայոց իմաստասիրական մտքի տկարութեա՞մբ, թէ՞ մերօրեայ հայ մտաւորականի պարտուողական հոգեբանութեամբ»:
Գուցէ չափազանց խի՞ստ է ասուած, կամ զուցէ այլեւս որեւէ հիմք չկա՞յ պարտուողական հոգեբանութիւնից խօսելու: Աւա՜ղ, այդպէս չէ: Դժբախտութիւնը դեռ այն չէ, որ նժդեհեան պատգամը արժանիօրէն կատարողներին կարելի է մատների վրայ հաշուել: Ահաւորն այն է, որ հայ մտաւորականութեան մի զանգուած (ռուսակիրթ եւ ռուսամտաց) առիթը չի կորցնում յայտարարելու, թէ իբր «հայերէնը գիտութեան լեզու չէ», իբր յիմարութիւն է «միջազգային տերմինները» թարգմանելը եւ այլն: Այդպիսիք նախկինում կամովին յանձւում էին ռուսերէնի ողորմածութեանը, ներկայում՝ նաեւ անգլերէնի: Փրկութիւնը դարձեալ Նժդեհն է. վստահաբար կարելի է ասել, որ հայերէնամերժ այդ մտաւորականների (թերեւս, նժդեհեան ստոյգ բնութագրմամբ՝ «ստամտաւորականների») գէթ մի մասը դարձի կգայ, եթէ փորձի փոքր-ինչ լրջութեամբ Նժդեհ կարդալ: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:06 | |
| Նժդեհից կարելի է ոչ միայն հայերէն սովորել, այլեւ՝ հայերէնով ստեղծագործելը սովորել: Նժդեհի օգնութեամբ կարելի է ազատուել լեզուական օտարամոլութիւնից ու ազգային ինքնանուաստացումից, Նժդեհի շնորհիւ՝ տոգորուել հայախօսի հպարտութեամբ եւ աստուածային մեր լեզուին յաղորդակից լինելու երջանկութեամբ: Միով բանիւ՝ եթէ Գարեգին Նժդեհի ցեղակրօնութիւնը, ամբողջութեամբ վերցրած, հայոց անպարտելիութեան եւ գալիք յաղթանակների զօրոյթն է, ապա նժդեհեան լեզուաշխարհը՝ հայերէնախօսութեան յաւերժութեան զօրոյթը:
Նժդեհեան վճռակք *Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռուող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտուողական: *Չկայ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամքը: *Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների: *Ժողովուրդներն ապրում իրենց, ստեղծագործում՝ մարդկութեան համար: *Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն: *Պէտք է ազատուել եւ ոչ միայն ազատագրուել: *Մեր անձի վրայ տարած յաղթանակը՝ ահա՛ հիմքը մեր այլ կարգի յաղթանակնների: *Յիմարութիւն է թութակօրէն կրկնել ուրիշի խօսքը: Աւելի մեծ յիմարութիւն՝ կուրօրէն բաժանել այլոց կարծիքը: *Մեր պատմութիւնը, յետ այսու, աղետալի սխալների կրկնութիւնը չպէտք է լինի, այլ՝ սրբագրութիւնը: Աշխատի'ր, որ փառքդ ստուերիդ պէս ընթանայ ետեւէդ, բայց երբէք՝ առջեւէդ: *Նա միշտ յաղթում է, ով արդէն յաղթել է իրեն, այսինքն՝ որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը: *Ոյժը չէ պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կամքը: *Սպանւում է եւ առիւծը, առիւծութիւնը՝ երբէք: *Զինաթափուած ամէն մի կիրք մի նոր զինակից է, յաղթահարուած ամէն մի ցաւ՝ հոգեւոր հզօրանքի նոր աղբիւր: *Մեծ պաշտօններն առանց հոգեկան մեծութեան՝ նման են կաւէ անդրիի՝ դրուած ոսկէ պատուանդանի վրայ: *Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան՝ այն է, ինչ որ մի մարմին առանց հոգու: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:06 | |
| *Ես տեսայ հոգեւոր ազատը ստրկութեան մէջ, եւ սիրեցի մարդը: Ես տեսայ ստրուկն ազատութեան մէջ եւ գարշեցի մարդէն: *Ժողովուրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամէն պարտութիւն: *Իրենց տականքները՝ ահա՛ ազգերի իրական թշնամին: *Յաղթում է այն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ ներազէն գերազանցութեան: *Ամէն զօրավար զօրաւոր չէ: *Օրէնքները լինում են երկարատեւ միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին: *Արդար լինելու համար՝ մարդկանց մէջ, թէկուզ թշնամիդ լինեն, փնտրի'ր նախ նրանց լուսաւոր կողմերը: *Սկսեցի՞ր բացասականներից՝ չպիտի նկատես դրականները, վասնզի չպիտի ուզենաս նկատել: *Կատարելութեան չես ձգտում, եթէ մտահոգեպէս նոյնն ես այսօր, ինչ որ էիր երեկ: *Պատերազմիր այնպէս, որ չամաչես տարածդ յաղթանակից: *Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու: *Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի: *Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: *Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանուած հասարակութիւնները: *Հայրենասէր լինել՝ չէ նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թէ այդ օտարները կարող են մեր թշնամին լինել: *Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ՝ մտածել այլոց ցաւերի մասին: *Երբ փրկուածն ապերախտում է փրկչին, մատնում է, որ ինքն արժանի չէր փրկութեան, արժանի չէ ապրելու: *Ընդհանուր բարիքը դառնում է չարիք, երբ չի արտացոլում մասնաւոր բարիքը: *Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնուիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն: *Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրեալները: *Մենք ազդում ենք ոչ այնքան նրանով, որ յաջողում ենք արտայայտել, որքան՝ մեր խօսքի ցաւով, որ չենք կարողանում արտայայտել մեր զգացածը: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:06 | |
| *Սնամէջ խօսքը վտանգաւոր է անքննադատ ընթերցողի համար: *Մեր արտաբերած ամէն մի խօսքը, ուրիշներից աւելի մեզ է ազդում: *Մի ընտանիք, մի հասարակութիւն, մի ժողովուրդ ճանաչելու համար պէտք է լսել նորա մէջ հնչող խօսքը: *Թերթեր ունե՛նք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովուրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն՝ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը...Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է եւ իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկա: *Աշխատի՛ր, որ խօսքդ լինի համակ լոյս եւ ճշմարտութիւն-կայծակ, որը զարկելուց առաջ լուսաւորում է առարկաները: *Սպանի՜չ իրականութիւն, ուր գոյութիւն չունի մի հատիկ օրէնք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար. ուր որոշ տարրեր յանցապարտօրէն ժխտում են ե՛ւ ազգային սրբութիւններ, ե՛ւ բարոյական արժէքներ, ուր կայ առատօրէն թոյն, մաղձ, գռեհկութիւն, կայ դիմածռութիւն, ծաղրանք, չարարուեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախօս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեւոր մրափողութեան պատճառով նոր հեղինակութուններ չեն ստեղծւում եւ հիները չեն յարգւում. ուր մտաբարոյական ընդհանուր աղաւաղութեան մէջ մարդիկ կարծէք դադարել են իրար հասկանալուց եւ ուր հնարաւոր չէ գլուխ հանել որեւէ ազգաշէն գործ. ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպութիւններ ապրում են կեղծիքի եւ մտաւոր կուրութեան մէջ՝ շրջելով անդունդի եզրին: *Մեր ղեկավարութիւնը միայն այն չափով է գործուն եւ իմաստուն, ինչ չափով մեզ յաջողւում խանգարել մեր հակառակորդի ղեկավարութեան գործը: Գարեգին Նժդեհ | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:07 | |
| ******************************************************
Այսպէս՝ որքա՜ն տպաւորիչ է այն հնարքը, որով Նժդեհը ցոյց է տալիս, թէ ինչպէս է ընդդիմախօսն ինքն իրեն հակասում. «Թողնենք, որ այդ մարդը ինքնավկայութեամբ մերկացնէ ու դատէ իր անձը: Ահաւասիկ հեգնանքի մի փայլուն օրինակ, որով Նժդեհը ոչնչացնում է իր հասցէին հերիւրանք տարածող իր մի նախկին զինակցի. «Միթէ՞ իւրատեսակ բարեգործութիւն չէ կարելիութիւն տալ մարդկանց, որ հաց ունենան, թէկուզ իրենց երեկուան տէրը մատնելով, ուրանալով»
Կամ՝ անդրադառնալով իր հասցէին ասուած «խռովարար» բնութագրմանը, Նժդեհը ո՛չ թէ ուղղակի, ճակատային ձեւով է վիճարկում (մի իրադրութիւն, որտղ հարկադրուած էր հանդէս գալու պաշտպանւողի դիրքից), այլ՝ առերեւոյթ ընդունում է մեղադրանքը, այլափոխում եւ շրջում յօգուտ իրեն. «խռովարա՞ր. այո՛, երկու տարուայ ընթացքում չորս անգամ տուած եմ բարձր «խռովարարութեան» ապացոյցը»: Ապա՝ թուարկում է այդ դէպքերը՝ հիմնաւորելով, որ առկայ ռազմաքաղաքական պայմաններում հարկ էր ո'չ թէ կուրօրէն ենթարկուել վերին ատեաններին, այլ՝ ինքնուրոյնաբար գործել՝ թէկուզ ձեւականօրէն խախտելով կարգապահութիւնը: Եւ «այդ կարգի խռովարարութեան վեհութիւնն ու փրկարարութիւնը» հասկանալ՝ նշանակում է «տարբերել առաջնորդը պաշտօնեայից, ասպետը՝ հասարակ ձիաւորից»: Այս մեկնաբանութեամբ՝ «խռովարար» լինելը դրական բովանդակութիւն է ստանում, ուստի՝ ո՛չ միայն թուլանում, անէանում է դրա մեղադրական լիցքը, այլեւ՝ ստացւում է այնպէս, թէ հակառակորդը հաճոյա:օսել է Նժդեհին, իսկ վերջինս, իր հերթին, հնարաւորութիւն է ստանում դաս տալու ընդդիմախօսին՝ ձեւակերպելով իր փայլուն վճռակներից մէկը:
Կարեւորենք Նժդեհեան թերեւս ամենահրատապ հարցադրումը, այն է՝սովորենք բանավիճել առանց միմիանց վիրաւորելու, մէկմէկու արժանապատւութիւնը ոտնահարելու: Մի՞թէ համոզելու կամ տարհամոզելու համար պարտադիր է հայհոյելը, հայհոյալից խօ՞սքն է հեղինակաւոր երեւալու միջոցը, ինչո՞ւ ընդդիմախօսի մէջ ազնւութիւն եւ շիտակութիւն չենք տեսնում, չենք նկատում, որ վէճի ժամանակ ի սպառ մոռացւում է ճշմարտութիւնը, որ, դառնութեամբ ամփոփում է իր արդարացի ախտորոշումը նա, «հայկական վէճը ընդհանրապէս թշնամացնում է եւ ոչ թէ համոզում»: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:07 | |
| կարծում ենք, բոլորովին էլ մեծ հայրենասէրի սրտովը չի եղել, սակայն նա ազնուաբար արձանագրել է իրողութիւնը: Իսկ ահա՛ փաստարկելու, բանավիճելու նժդեհեան արուեստն ու գիտութիւնը լիովին հիմք են տալիս մեզ կատարելու նրա պատգամը, նորովի իմաստաւորելու «հայկական վէճ» բառակապակցումը, այնպէս որ վերջինս արտասանուի նոյն հպարտութեամբ, ինչպէս Նժդեհը գործածում է, ասենք՝ «հայկական ոգի» եւ «հայ էութիւն» հասկացութիւնները:
Մենք ինքներս մեզ ենք կողոպտում, երբ ազգային-պետական ու անձնական կեանքի կազմակերպման մէջ չենք գործադրում Նժդեհ-իմաստասէրի, Նժդեհ-լեզուագէտի, Նժդեհ-ճարտասանի տեսական ու գործնական անսպառելի ժառանգութիւնը: Վալերի Միրզոյեան | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:07 | |
| ******************************************************* · Պատերազմի դէմ մարգարէական խանդով ու զայրոյթով խօսել են մարդկութեան ամենաընտիր ներկայացուցիչները, բայց եւ այնպէս նա շարունակում է պահել իր գոյութիւնը, հեգնելով իմաստասէրների ճշմարիտ խօսքը, սրանց ոսկի երազը:
· Բարոյական ուժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհաւասար կռւում. նա է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջնորդում թւապէս թոյլերին՝ մեծամեծ հալառակորդների դէմ:
· Հայրենասիրութի՜ւն-մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ուժի եւ մեծութեան: Նա այնքան է ջերմ մի ժողովուրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները:
· Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրա պակասի շնորհիւ:
· Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին առանց հոգու:
· Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ նրանց հրամանատարը: Այդպիսի սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չէ զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ուժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը՝ վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը:
· Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք աւելի՝ քան բոլորը:
· Անստուեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարուել եւ ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք:
· Տգիտութիւն, եսապաշտում եւ աշխարհաքաղաքացիութիւն- ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից:
· Զզուելի է եսապաշտը: Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակութեան, մարդկութեան: Նա ստանում է առանց տալու: Նա անիշխանական է, որովհետեւ իրաւունքներ ունի առանց պարտականութիւնների: Նա գող է, տզրուկ, որովհետեւ ապրում է ուրիշների հաշւին: Իր յանցաւոր եսի մէջ փակուած, ինչպէս խխունջն իր պատեանի մէջ, նա արհամարհում է եւ հեգնում այն ամենը, ինչ որ հենց այժմ անձնապէս իրեն չէ շահեցնում, չէ պարարտացնում: | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH Ven 28 Aoû - 18:08 | |
| · Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Եւ միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե'ւ մարդկութիւնը:
Կրօններն այլ բան չեն, բայց եթէ պաշտամունք մեծ մեռելների: Անկրօն է՝ դէպ իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է՝ եւ անհոգի, դատապարտուած բարոյական փտութեան: Մի ժողովուրդի հզօրագոյն զինակիցները պատերազմի ժամանակ նախ եւ առաջ իր մեծ մեռելներն են: Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ: Ինքնապաշտպանութիւն-դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը: Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից: Հայրենապաշտական դաստիարակութիւն,-ահա մեր փրկութեան խարիսխը: Ահա թէ ինչու հայրենասիրութեան, չէ՛ հայրենապաշտութեան-մարդկային առաքինութիւնների այդ աստուածային մօր համար պէտք է գահ բարձրացնել մեր հոգիների մէջ. Մեր դպրոցներում, մեր ընտանեկան յարկի տակ, մեր գաղութական վրանների տակ, ամեն տեղ, ուր կ'ապրի, կը շնչէ հայ մարդը: Ահա թէ ինչու պէտք է երես դարձնել այն բոլոր վարդապետութիւններից, որոնք հաշտ չեն հայրենասիրութեան հետ: Այո՛, հայրենիքը-ընդհանուր աստուածութիւն, հայրենասիրութիւնը-կրօն: Շեշտուած նպատակը, ջերմութիւնը, հոգին է պակասում մեր արդի դպրոցին: Նա չէ, բայց պիտի լինի հայրենագիտութեան եւ հայրենասիրութեան ամբիոն, տաճար: Կրօնական երկիւղածութեամբ եւ անսահման քաղցրութեամբ պիտ դասաւանդուի հայրենագիտութիւնը: Սրտի եւ մտքի կրակով պիտ խօսուի հայրենի երկրի մասին՝ հրահրելով վերջինի պաշտամունքը մանկական հոգիների մէջ: Գարեգին Նժդեհ | |
| | | Contenu sponsorisé
| Sujet: Re: LA PAROLE DE NJDEH | |
| |
| | | | LA PAROLE DE NJDEH | |
|
Sujets similaires | |
|
| Permission de ce forum: | Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
| |
| |
| |