Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը գալու է Հայաստան` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին նախատեսված ֆուտբոլային խաղը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ հավաստի աղբյուրից, Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 6-ի առավոտյան Երեւան է ժամանելու Անկարայից: Նույն աղբյուրի փոխանցմամբ` դեռեւս որոշված չէ, արդյոք Գյուլը կժամանի ինքնաթիռո՞վ, թե՞, այնուամենայնիվ, իրականություն կդառնան խոսակցությունները, որ ֆուտբոլային խաղի համար ժամանակավորպես կբացվի հայ - թուրքական սահմանը, եւ նախագահ Գյուլը գնացքով կժամանի Երեւան: Այսօր ուշ երեկոյան Թուրքիայի նախագահի այցը նախապատրաստելու նպատակով Երեւան կժամանի Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չերիքյոզի գլխավորած 10-հոգանոց պատվիրակությունը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` պատվիրակությունում ընդգրկված է նաեւ թիկնազորի ներկայացուցիչը, ով վաղը կայցելի «Հրազդան» մարզադաշտ եւ կստուգի անվտանգության հետ կապված հարցերը: Միաժամանակ, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թուրք ֆուտբոլասերները Երեւան չեն ժամանի, ինչպես նախօրոք էր ենթադրվում: ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն` մարզադաշտի նստելատեղերի 5 տոկոսի տոմսերը հյուրընկալող երկիրը տրամադրում է մրցակցի ֆուտբոլասերներին: «Հրազդան» մարզադաշտի դեպքում Թուրքիայից 3 հազար մարզասերներ կարող էին ներկա լինել այս խաղին: «Օֆիցիալ հրաժարվել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որ իրենց երկրպագուներ չեն գալիս: Նրանք ընդամենը պատվիրակության անդամների համար 115 տոմսեր են ուզել եւ 15 VIP, այսինքն` ընդամենը 130», - տեղեկացրեց Ռուբեն Հայրապետյանը: Թուրքական կողմից խաղը լուսաբանելու համար կժամանեն նաեւ 100 հավատարմագրված լրագրողներ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` Հայաստան - Թուրքիա խաղը լուսաբանելու է 150 միջազգային լրագրող: Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանին ոչ-ոքին չի բավարարում` թիմի առջեւ միայն հաղթանակի պահանջ է դրվել: «Պայմանավորված խաղ խաղա՞նք` բացառված է, նման բան չի կարող լինել: Ո՞նց կարող է պատահել` իրեն հարգող երկիրը նման բանի մեջ կմտնի՞ երբեւիցե», - ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
* Աստղիկ Բեդեւյան