Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը
Հնագետները Հայաստանում հայտնաբերել են շուրջ 5,500 տարվա հնության ոտնաման, որը առայժմ գնտված աշխարհի ամենահին կաշվե կոշիկն է։
ԼՐԱՑՎԱԾ
Աջ ոտքի համար հարմարեցված եւ խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։
«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։
Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։
Հայկական կոշիկը պատրաստված է կովի կաշվի ամբողջական կտորից, որը հետեւի եւ առջեւի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին։ Կոշիկը ներբան չի ունեցել, եւ հնագետը վստահ է, որ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող է հեշտությամբ պատառոտվել։
Հայկական կոշիկին շատ նման կաշվե կոշիկներ՝ «փամփութի» անվամբ, մինչեւ 1950-ական թվականները գործածվել են Իռլանդիայից արեւմուտք ընկած Արան կղզիներում։ Նույն կառուցվածքով ոտնամաններ են հայտնաբերվել նաեւ Եվրոպայի տարբեր շրջաններում։
Կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ, որ 2007 թվականից ի վեր կատարում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան եւ իռլանդական հնագետներից բաղկացած արշավախումբը:
«Սա իր հնությամբ, իր պահպանվածությամբ եզակի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` շարունակելով. - «Եվրասիական այս մայրցամաքում գործնականում այդ հնության նման պահպանվածության ոտնաման` գործած չարուխ, հայտնի չէր մեզ: Դա չի նշանակում, որ մյուս տեղերում չի եղել, ուղղակի կաշին չի պահպանվում հողի մեջ: Առանձնահատուկ պայմաններ են պետք, որպեսզի կաշվե որեւէ իր պահպանվի»:
Պավել Ավետիսյանի խոսքով, հայ-ամերիկյան-իռլանդական համատեղ այս արշավախմբի պեղումների ընթացքում բացվել են պղնձեքարիդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, ի հայտ են եկել շատ լավ պահպանված բազմաթիվ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-թվականից մինչեւ 3500 թվականները:
Ավետիսյանը բացատրեց նաեւ, թե ինչու են այդքան լավ պահպանվել գտածոները` այդ թվում եւ այն ոտնամանը, որ կրել է մարդը մեր տարածաշրջանում 5500 տարի առաջ. - «[Թռչունների] Քարայրում միկրոկլիման այնպիսին է, որ այնտեղ գտնվող բոլոր օրգանական միացությունները փայլուն պահպանվել են»:
Նրա խոսքով, գտածո ոտնամանը դեռ անցյալ տարվանից փորձաքննություն է անցնում աշխարհի տարբեր հեղինակավոր գիտական ինստիտուտներում եւ միայն այդ փորձաքննության ավարտից հետո գիտնականները կարողացան ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքը:
5500 տարվա կոշիկը հետագայում կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, բայց մինչ այդ կոշիկը պահպանել է պետք, եւ վաղը Երեւան ժամանող Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի անվան Հնագիտության ինստիտուտի եւ Իռլանդիայի Քորքի համալսարանի հնագետները հայ գիտնականների հետ պիտի քննարկեն ոտնամանի պահպանման տեխնոլոգիական խնդիրները։
10.06.2010
Գայանե Դանիելյան
http://www.azatutyun.am/content/article/2067384.html