Հրատարակված է Մայիս 03, 2010
ԷՌՆԵՍՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մերձդնեստրում արդեն մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ահազանգել է իր նկատմամբ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին: Վարդանյանի տարածած հայտարարության տեքստը Տիրասպոլից հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց լրագրողի մայրը` Թամարա Շաղոյանը: Հայազգի լրագրողը, որը իրեն քաղբանտարկյալ է համարում, հայտարարել է. - «Օգնեցեք իմ ընտանիքին` նրանք վտանգի մեջ են: Հանուն ամենայն սրբության` օգնեցեք կնոջս եւ երեխաներիս, առանց որոնց ես չեմ պատկերացնում իմ կյանքը: Ինձ հարկադրում են խոստովանել, որ ես հօգուտ Մոլդովայի լրտեսել եմ եւ հայրենիքի դավաճան եմ: Ծեծում են, սպառնալով ավելի դաժան խոշտանգումների ենթարկել` առանց հետքեր թողնելու: Սպառնում են մեղադրել ու ձերբակալել կնոջս` արատավորելով նրան: Սպառնում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել կնոջս ու երեխաներիս հետ»:
«Ես լրտես չեմ եւ ոչ մեկին չեմ դավաճանել, ես ասել եմ միայն ճշմարտությունը` հանուն սովորական մարդկանց կյանքի բարելավման», - ընդգծել է Էռնեստ Վարդանյանը` հավելելով. - «Բայց հարցաքննությունների ժամանակ հենց դրանում են ինձ մեղադրում. - «Ինքդ ես մեղավոր, մենք բազմիցս քեզ զգուշացրել ենք, որ ավել-պակաս չխոսես, հիմա արդեն ուշ է դրան վերադառնալ»:
«Հարցաքննությունները տեսաձայնագրվում են դրվագներով, եւ դրանց մեծ մասը մնում է կադրից այն կողմ: Ես խնդրում եմ չհավատալ իշխանությունների ու քննչական մարմինների կողմից ինձ վերագրվող լրտեսության եւ դավաճանության վերաբերյալ պնդումներին: Այստեղ ցանկացածին կստիպեն ընդունել ցանկացած մեղադրանք: Ինձ ստիպում են վարկաբեկել եւ ցուցմունքներ տալ այլոց դեմ, ովքեր քննադատում են իշխանություններին: Եթե հնարավոր է` օգնեք լավ փաստաբան ունենալու հարցում», - հայտարարել է հայազգի լրագրողը` ամփոփելով. - «Հավատացեք իմ անմեղությանը, եթե նույնիսկ ես տեսաձայնագրություններում ու դատարանում հրապարակավ ինձ մեղավոր ճանաչեմ: Հանուն ընտանիքիս անվտանգության պատրաստ եմ ինձ մեղավոր ճանաչել ու նստել այնքան, որքան պետք կլինի իշխանություններին»:
Այս հայտարարությունը Վարդանյանը բանավոր փոխանցել էր անվտանգության աշխատակիցներից մեկին, ով էլ, իր հերթին, այն բառացի փոխանցել է LiveJournal կայքին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացնելով միայն այս հայտարարությունը, որի մասին մեկ օր առաջ էին տեղեկացել, Թամարա Շաղոյանը այլ հարցերի չպատասխանեց:
Ծնունդով գյումրեցի 29-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Նրան Մերձդնեստրի իշխանությունները մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:
Սաթենիկ Վանցյան